National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2021
ՀՀ ԱԺ նիստում ընթերցվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների նամակ-խնդրանքը
1 / 1

ՀՀ ԱԺ ապրիլի 13-ի նիստի պատգամավորների  հայտարարությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հրապարակեց Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գործարարների, ֆերմերների եւ քաղաքացիների՝ ՀՀ ԱԺ խմբակցություններին, պատգամավորներին, վարչապետին, Կառավարությանը, Կենտրոնական բանկին, ՀՀ-ում գրանցված ֆինանսական կառույցներին ուղղված բաց նամակը: Նամակ-խնդրանքում մասնավորապես նշվում է, որ լինելով սահմանամերձ շրջանի բնակիչներ՝ իրենց վրա են վերցրել տարածաշրջանի զարգացման պատասխանատվությունը եւ արտաքին ներդրումների բացակայության պայմաններում հիմնականում վարկային միջոցներով ներդումներ են կատարել չափազանց ռիսկային գոտում՝ փորձելով սահմանամերձ շրջաններում ինչ-որ չափով լուծել գործազրկության խնդիրը եւ մինչ Covid19-ի բռնկումը պարտաճանաչորեն կատարել պարտավորությունները, այդ թվում՝ վարկային: Սակայն հակահամաճարակային սահմանափակումների պատճառով ոչ միայն չեն կարողացել կատարել վարկային եւ հարկային պարտավորությունները, այլեւ շատ բիզնեսներ կանգնած են փակման վտանգի առաջ, հետեւաբար խնդիրներ են առաջացել երաշխավորած վարկառուների համար: «Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե դա ինչ հետեւանքներ կունենա սահմանամերձ համայնքների համար՝ գործազրկություն, արտագաղթ, դատարկվող գյուղեր ու համայնքներ, անպաշտպան սահմաններ»,-նշված է նամակում:

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ բազմիցս դիմել են ֆինանսական կառույցներին եւ պատկան մարմիններին՝ ծանրացած վարկային բեռը թեթեւացնելու առաջարկներով, սակայն՝ ապարդյուն:

«Խոր գիտակցումով եւ պատասխանատվությամբ ենք մոտենում հանրապետության ֆինանսական կայունության կարեւորությանը, սակայն 2020-ի մարտից սկսած՝ անհնարին է դառնում ֆինանսական կառույցների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը՝ կապված անհաղթահարելի ուժերի ազդեցության հետ (Covid-19, պատերազմ)»:

Պատգամավորին փոխանցված նամակ-խնդրանքի հեղինակները նշում են, որ խնդրի լրջությունն ու հրատապությունը պարտադրում են անհապաղ ձեռնարկելիք հետեւյալ քայլերը.

Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների վարկային պատմությունները եւ դասակարգումը համապատասխանեցնել մինչ արտակարգ դրության հայտարարման կարգավիճակին, չեղարկել այդ ընթացքում կիրառված տույժերն ու տուգանքները:

Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար իրականացնել վարկերի վերակառուցումներ եւ միավորումներ` վերանայելով վարկերի ժամկետները եւ տոկոսները՝ նկատի ունենալով համաճարակի առաջացրած խնդիրները, կիրառել առավել երկար ժամկետներ եւ մեղմ տոկոսադրույքներ:

Սահմանամերձ տարածաշրջանի վարկառուների համար 1-2 տարի ժամկետով ֆինանսական ոլորտում հայտարարել արտակարգ դրություն՝ թույլ տալով վարկերի մարումները կատարել ազատ գրաֆիկով: 1-2 տարի ժամկետով դադարեցնել ԴԱՀԿ եւ դատարանների վարույթում գտնվող վարկային գործերը՝ բնակչության մոտ խորացած տագնապը եւ արտագաղթի տրամադրությունները մեղմելու համար:

Ըստ պատգամավորի՝ նամակի հեղինակները խնդրում եւ հորդորում են սեղմ ժամկետներում ձեռնարկել ֆինանսական կոլապսից դուրս գալուն ուղղված գործուն քայլեր:

Հեղինակները տեղեկացնում են նաեւ, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական ուղղվածություն չունի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am